Հերթով ու կարգ ու կանոնով: Առավոտյան՝ ճիշտ 8:30-ին, բոլորը մեկ մարդու պես արթնացել ու դպրոց են շտապել: Բայց մինչ դասարան մտնելը, նախ պետք է ջերմաչափվել ու ձեռքերն ախտահանել: Անվտանգության կանոնները դեռ պարտադիր պայման են:
Դպրոցում նաև մեկուսարան են առանձնացրել: Եթե դպրոց եկած աշակերտը ջերմություն ունենա, հենց այստեղ կմեկուսացնեն մինչև ծնողի մոտենալը: Շենքում կանոնները պահպանված են. աշակերտները լավ գիտեն՝ ձեռքերը պարբերաբար պետք է ախտահանել, դպրոցի միջանցքներում էլ կուտակումներ չլինեն: Կարմիր գծերն էլ աշակերտներին հուշում են՝ հեռավորություն պահելը պարտադիր է:
Մարիամ Արևյան (61 հիմնական դպրոցի ուսուցչուհի) - Դասամիջոցներին մնան դասարանում, կուտակումներ չլինի, հեռավորություն պահպանեն:
Կարոտած են դպրոց վերադարձել, դասամիջոց դուրս գալու ցանկություն էլ չկա,- անկեղծանում են աշակերտները: Դասարանում են մնում, միմյանց հետ շփվում: Ասում են՝ հեռավար դասերը սրտներով չէր:
Գայանե Հակոբյան (61 հիմնական դպրոցի աշակերտ) - Հեռավար դասերի ժամանակ չես կենտրոնանում հիմնական դասերի վրա: Համացանցի խնդիր կա: Բացի դա, երբ տանն ես լինում, դասերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Դպրոցում ավելի հետաքրքիր է:
Թեպետ վարակվելու վախը կա, բայց ծնողները պնդում են՝ դասերի վերսկսումը անհրաժեշտ էր:
Լիանա Պետրոսյան (ծնող) - Դպրոց գալիս են հաճույքով, անմիջական շփումը հաճելի է անցնում:
Աշակերտները հեռավար ուսուցմանն ակտիվ են եղել, բայց ցանկալի արդյունք չեն գրանցել,- անկեղծանում է հայոց լեզվի ուսուցչուհին: Այս ընթացքում աշակերտները քերականությունից մի փոքր հետ են մնացել:
Դասերի վերսկսման առաջին օրը բոլորը չէ, որ դպրոց են շտապել, բացականեր կան, բայց շատ չեն: Անվտանգության կանոններից ելնելով՝ առողջապահության նախարարի հրամանով էլ դպրոցները նոր կանոններով են դռները բացել:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ փոխնախարար) - Հիմնական կանոնը, որ գործում է, դասարանում պետք է ներկա լինեն առավելագույնը 20 հոգի, ունենք 20, ավել է՝ կիսվում են երկու խմբի։
Աշակերտները դպրոց կհաճախեն շաբաթական երեք անգամ՝ օրումեջ: Այսպես կկրճատվի միաժամանակ դպրոց հաճախող աշակերտների թիվը: Իսկ եթե դասարաններում Քովիդի դեպքեր գրանցվեն, դպրոցներն էլ անելիքները լավ գիտեն:
Այսօր ոչ բոլոր դպրոցներն են անցել առկա ուսուցման: Մեկ տասնյակի հասնող դպրոցներ գրությունով նախարարություն են դիմել հեռավար կրթությունը շարունելու խնդրանքով: