Զենքը դրել, արվեստանոցի գործիքներին է անցել։ Դեռ պատերազմի վերքերը չսպիացած՝ մոտ մեկ ամիս է՝ ամեն օր արվեստանոց է շտապում։ Կամավոր Արսենը, հիմա՝ ֆեյսբուքից հայտնի գյումրեցի «Շիրակի Բազեն», Արցախից նոր մարդ է վերադարձել:
Արսեն Վարդանյան («Գյումրիկի» համահեղինակ) - Ոչ թե հարցերն են շատ, այլ լուծումներն են քիչ։ Մարդիկ կարիք ունեն նոր իմաստ գտնել, նոր սկիզբ գտնել ապրելու, երբ այն մարդուն, ում իրոք շնորհակալ ենք, կարողանանք արտահայտել, նրան, ում կուզենային ամբողջ կյանքում կողքին լինեինք, կարողանայինք մի բարի բանով կապված լինել:
Նոր բարի գործ անելու իր բանաձևը գտել է, հատկապես երբ պետք էր Արցախից հետը բերած վերքերին ձեռք չտալ։ Փայտե փոքրիկ մարդուկ-հուշանվերներով մարդկանց շնորհակալություն է հայտնում, հուշում սիրելիներին հիշեցնել՝ ինչքան կարևոր են։ Անունը Գյումրիկ է՝ ծնողներն են Գյումրիից, ազգանունն էլ․․․ կարևորը՝ -յան-ով ավարտվի։ Դե, հայրենասեր մարդուկների են պատրաստում։ Գյումրիկները նաև շնորհակալ են մարդկանց, որոնք այս օրերին Հայաստանի ու Արցախի կողքին էին։
Սյուզաննա Իգիթյան («Գյումրիկի» համահեղինակ) - Մի անգամ նստած էի, Արսենն էկավ, ասաց՝ մի հատըմ մարդ որ տամ՝ դեմք կնկարե՞ս: Սկզբում շատ անհետաքրքիր էր։ Հետո հասկանում ես, որ դու ինչ-որ մեծ բան կենես։
Ամեն անգամ մտածում են՝ ինչ կերպար ստեղծել, որ մարդկանց սրտով լինի:
Սյուզաննա Իգիթյան - Էս անգամ ինչ գրեմ, որ մարդիկ նայեն մտածեն՝ դու իմս պտի էղնիս։
Հայրենիքն ու սերը պատերազմի օրերին Արսենի համար էլ հոմանիշներ էին, հիմա արդեն քիչ-քիչ ձեռքն ու ոտքը կռվի օրերը մոռանում են, սիրտը՝ ոչ․․․ դեռ։ Բայց չափից ավելի լավատես է նեղսրտելու համար։ Քանի օր էր պատերազմում ապրել՝ առաջին անգամ է մտածում․․․
Մե րոպեմ, ժողովուրդ ջան, բաներ կան որ բառերով չեն, էլի․․․ Չեմ էլ հաշվել՝ քանի օր էր. հա, քսաներեք կարծեմ, գրեթե կեսն էղա, ու երբ որ դու որպես զբոսաշրջիկ ես էնտեղ, այլ կերպ ես ընկալում, պատերազմի ժամանակ ընկալումներդ փոխվում են, ամեն ձայնը ուրիշ կերպ ես ընկալում։
Ասում է՝ պետք է վերացնենք մեր մեջ խղճալու սովորույթը, մտածենք՝ ամեն մեկս ինչքան կարող ենք աշխատել՝ ոտքի կանգնելու համար։ Նկարահանումը սկսելիս էլ խնդրեց շատ չհարցնել պատերազմից։ Երկար է պետք համոզել, որ գլխովն անցած տեսարաններից մի քանիսը հիշի։
Էս կողային հատվածս էր, արկի պայթյունից էր, շատ տարօրինակ կարող ա թվա, բայց սկզբից ոչ էլ զգացել եմ, բայց էդ պահին, երբ դու տաք ես, սովորական ծակոց՝ նորմալ է, հետո նկատեցի, որ թաց եմ։
Ժամանակին հասել են օգնության «սպիտակ ջոկատայինները» հիվանդանոց հասցրել։ Հիշողություններից ուշադրությունը շեղում են նաև հյուրերը, Գյումրի մտնողները հետները Գյումրիկներ տանելու են գալիս։
Շնորհակալությունը մեր տղաներին իր զենքով է ասել, նույնիսկ չէր զգուշացրել մայրիկին․․․ Հուշերը շատ են, սովորել է մի քիչ լավատես լինել նույնիսկ այդքան վատի մեջ:
Որտեղ ես եմ եղել՝ լավը քիչ էր, կուզենայի մի քանի լավ բան հիշել, մի քանի հոգի էլ մեկնաբանություններ գրեին:
Գյումրիի ամենաակտիվ երիտասարդներից Արսենը պատերազմը վերապրելու իր բաղադրատոմսն է կազմել՝ աշխատելն է:
Ամեն ինչ պտի ցույց տանք, որ էս էլ է խրամատ... Եթե ինքը լավ տեղ չեղներ, օտարը չէր ուզենա գար։