Ավերիչ երկրաշարժից 32 տարի անց Գյումրու միջուկը վերականգնված է, ամբողջովին բարեկարգ, հետերկրաշարժյան նոր թաղամասերը՝ Անին ու Մուշը, ապահովված են անհրաժեշտ ենթակառուցվածքներով, տրանսպորտային անխափան կապ է գործում քաղաքի կենտրոնի հետ։ Չնայած ձեռքբերումներին՝ Գյումրիում դեռ կան հազարավոր տնակներ։
Առանց տան մնացած ոչ բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի բնակարանային փոխհատուցման ծրագիր։ Փաստացի անօթևանի կարգավիճակ ունեցողների թիվը վերջին տարիների ընթացքում հստակեցվել է։ Նրանց նկատմամբ 2021-ին գործելու է պետական ծրագիր։
Ավելի կոնկրետ Գյումրու քաղաքապետարանը կտեղեկացնի հարցը քննարկելուց և վերջնական որոշումից հետո։ Ընդհանուր առմամբ՝ Գյումրիում անցած 32 տարում կառուցվել է այնքան տուն, որքան աղետը կործանել ու վնասել էր,- հավաստիացնում է Շիրակի մարզպետը։
Աղետի պատճառած սոցիալական հետևանքները վերացնելը Գյումրիում ավելի բարդ խնդիր են համարում։ Հատկապես նոր իրավիճակում այդ ծրագրերը զրոյական կետից սկսելու անհրաժեշտություն կա՝ ասում են պատասխանատուները։
Զբոսաշրջությունն այն ուղղությունն է, որի զարգացմամբ պայմանավորված էլ ուրվագծվում է Գյումրու հեռանկարը։ Շիրակի մարզպետի այս մտքի հետ Գյումրու քաղաքապետը համաձայն է, այս տեսակետից Սամվել Բալասանյանը կարևոր է համարում ճանապարհաշինարարության աննախադեպ տեմպը։
Վերջին երկու տարում Գյումրու փողոցների շուրջ 70 տոկոսը կապիտալ հիմնանորոգվել է։ Ամենախոշորը ՎԶԵԲ ծրագիրն է։ Այժմ հերթը ոչ կենտրոնական փողոցներինն ու նրբանցքներինն է։