Աղետալի երկրաշարժի վերքերը դեռ սրտում՝ այսօր արդեն գյումրեցին է փորձում թև ու թիկունք դառնալ արցախցուն։ Գյումրիում լավ են հասկանում տնից զրկված ու հարազատ կորցրած արցախցիներին։ Ինչպես երեք տասնամյակ առաջ, այնպես էլ հիմա, աղետը հաղթահարելու ճշմարիտ ճանապարհը մեկն է՝ ապրել հանուն ինքության և ապագայի։
Գյումրու գիշերօթիկում ապաստանած արցախցի փոքրիկների սիրելին՝ Էմման է հյուր եկել։ Նրանց հետ կխաղա, կզրուցեն, հետո նամակ կգրեն Ձմեռ պապիկին։ 88-ին ծնված Էմմայի համար երկրաշարժին հաջորդած տարիները նույքան գորշ ու գունատ էին։ Փոքրիկ առկայծող լույսի շողիկն Ամանորի սպասումներն էին, Ձմեռ պապին գրած նամակները։ Հիմա Էմման ինքն է փորձում այս փոքրիկների համար այդ լույսը վառել։
Էմմա Բաղդասարյան (Շիրակի մարզպետի օգնական) - Ամանորին էինք սպասում, ամեն դեպքում սպասում էինք, որ Ամանորը կգա և իր հետ կբերի լավագույնը։
88-ին չորս ամսական Էմման երկրաշարժը հիշում է դրվագներով, ինչպես պատմել են ծնողները։ Այսօր էլ կինոժապավենի նման ձգվում են կադրերն անցյալի։
Էմմա Բաղդասարյան - Տարիքս ասոցացվել է երկրաշարժի հետ, իմ մեջ կրելով եմ մեծացել, տարեկիցներ ենք:
Կյանքը շարունակվեց տնակային ավաններում։ Թիթեղյա տնակներում նավթավառի կողքին էլ սերունդներ կրթեցին, երեխա ամուսնացրին ու թոռներ ունեցան։ Հիմա քիչ բան է հիշեցնում աղետալի Գյումրուց, տնակային վերջին թաղամասն էլ ապամոնտաժվեց։ Էմման այդ աշխատանքներում էր ընդգրկված որպես մարզպետի օգնական։ Ու մարդկանց համոզում էր դուրս գալ տնակից, գնալ նորակառույց տուն, որ տնակային ավանում գարնանը կառուցվի Բարեկամության այգին։
Էմմա Բաղդասարյան - Ամեն անգամ այդ տնակները մտնելիս ինքս ինձ մեղավոր էի զգում, որ մարդիկ ապրել են նման անմարդկային պայմաններում։
Էմմայի համար երկրաշարժի խորհրդանիշ դարձած «Շիրակ» հյուրանոցի փլատակներն էլ չկան։ Բարձրահարկ այս նորակառույցի կողքով անցնելիս էլ չի հիշի պատմությունները փլվող շենքերի ու փրկված երեխաների մասին։ Հիմա նրա համար 32 տարի առաջվա աղետն անտուն մնացած արցախցիների տեսքով է։ Այն ժամանակ էլ օրվա դաժանությունը նույն կերպ էին նկարագրում, ինչպես այսօր, որ նույնիսկ տղամարդիկ են լաց լինում։
Էմմա Բաղդասարյան - Երկու դեպքում էլ հասկանում ենք, ինքներս կրել ենք այդ ամենը՝ կորցնել մեկ վայրկյանում, և ապրումակցում արցախցիներին, ովքեր Գյումրիում են: Գյումրիում ամենաշատն են զգում իրենց ցավը, ինչերի միջով են անցել: Ոչ միայն ապրումակցում ենք, այլև ուժ ենք տալիս, որ ապրեն, պարտավոր ենք ապրել հանուն ինքնության և ապագայի։
Ինչպես 32 տարի առաջ, հիմա աղետը հաղթահարելու ճշմարիտ ճանապարհը մեկն է՝ ապրելն ու արարելը հանուն ինքնության և ապագայի։ Ապրեցնող ժպիտն է պակասում, պետք է ավելացնել այդ ժպիտը, որքան էլ դժվար է,- ասում է Էմման ու հիշում արցախցի փոքրիկների նամակների մասին՝ ուղղված Ձմեռ պապին։ Այդ նամակներին պատասխանել է պետք։