Սպիտակի Մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրել և իր խոնարհումը բերել ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Նույն վայրում ծաղիկներ են խոնարհել նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասը, Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային և քաղաքային ենթակայության կառույցների ներկայացուցիչներ: Ծաղկեդրման արարողությունն ուղեկցվել է Տերունական աղոթքով, ապա մասնակիցները Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում հիշատակի մոմեր են վառել՝ նահատակների հոգիների հանգստության համար:
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը հնչեցրել է ոգեկոչման ուղերձ.
«Հերթական անգամ Գեղարքունիքի մարզի ղեկավար այրերի մասնակցությամբ մենք մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ ի հիշատակ Մեծ երկրաշարժի անմեզ զոհերի հիշատակի: Ուզում եմ կարևորել այն իրողությունը, որ Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների պատասխանատուները մշտապես, միահամուռ և հավաքական կերպով ներկա են գտնվում ազգային բոլոր իրադարձություններին, և ցանկացած տոնակատարություն ու հիշատակի օր մեր մարզի կողմից հավուր պատշաճի հարգվում է:
Այս ամիսներին մենք ձեզ հետ միասին ծանր օրեր ապրեցինք: Մեր երիտասարդ զավակների կորուստը, մեր հայրենիքի որոշ հատվածի կորուստը մեզ համար դառնություն է և մեծ վիշտ: Բայց ես ուզում եմ առանձնակի գնահատանքով խոսել, որ այդ օրերին մեր մարզը, լինելով սահմանակից Արցախի Հանրապետությանը, առավել զգոնության և առավել համախմբումի մեջ էր: Մենք ինքներս տեսնում էինք, թե ամենօրյա աշխատանքով ինչպես էր իրականացվում անհրաժեշտը, որպեսզի օգնություն հասցվեր թե՛ Արցախին, թե՛ առաջնագծին:
Մենք տագնապի մեջ էինք, բայց մեր մարզը, մեր մարզպետի գլխավորությամբ, կանգնած էր սահմանին պատրաստակամ կերպով: Ես ուզում եմ հայցել Տիրոջ օրհնությունը, որ զորացնի մեզ բոլորիս, այս օրերին առավել քան երբևէ ես կարծում եմ, որ համազգային մեր կյանքում անհրաժեշտություն կա համախմբումի, սիրո և համերաշխության: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր հանդուժողականությամբ է պայմանավորված մեր հայրենիքի հզորությունը: Մենք հավատում ենք իբրև քրիստոնյա, իբրև եկեղեցական, մեր հաղթական Տիրոջ օրինակով, որ մեր համախմբումով, մեր կազմակերպվածությամբ մենք դեռ շատ ու շատ անելիքներ ունենք մեր ազգային կյանքում»: