ԱՄՆ ներքին անվտանգության վարչության կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների գործակալության ղեկավար Քրիստոֆեր Կրեբսը, որին պաշտոնանկ էր արել ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի առաջնորդին կոչ է արել ընդունել ընտրություններում կրած պարտությունը, քանի որ դա անելուց հրաժարվելը խաթարում է վստահությունը ամերիկյան ընտրական համակարգի նկատմամբ:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի հունվարի 20-ից հետո էլ՝ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության օրը և, իհարկե, ոչ էլ առաջիկա չորս տարիներին: «Կորած գործը» պաշտպանելու նման քայլը հրեշավոր կործանարար կլինի ժողովրդավարության համար»,- ասել է Կրեբսը CBS-ի հետ հարցազրույցում:
Ըստ ընտրությունների անվտանգության ապահովման համար պատասխանատու վարչության նախկին ղեկավարի՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն ակնհայտ է:
«Ընտրություններն ավարտվել են, մենք պետք է պատրաստվենք հունվարի 20-ին և նոր վարչակազմին»,- բացատրել է Կրեբսը:
Թրամփը Կրեբսին աշխատանքից հեռացրել էր՝ նշելով, որ դժգոհ է ընտրություններում խախտումներ չլինելու մասին նրա հայտարարություններից: