ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
«Պետական աջակցությամբ իրականացվող աղետի գոտու բնակապահովման ծրագիրը, որը դեռևս 2008-ին էր մեկնարկել, պլանավորված էր ավարտին հասցնել 2020-ին: Ծրագիրը վերաբերում էր դեռևս 2008-ին հաշվառված, հերթացուցակներում ընդգրկված անձանց:
Մեզ մոտ շահառու են ճանաչվել 5406 ընտանիք, թիվը կարող է փոփոխվել: Շահառուները Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզից են: Նախորդ տարիներին լուծվել էր 4838 ընտանիքի խնդիր՝ երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում՝ բնակարանային պայմանների բարելավման համար»,- նշեց Արզումանյանը:
Ծրագրի վերջին փուլում մնացել է աղետի գոտու գյուղական համայնքների բնակարանների խնդիրը: 2019-ի բյուջեով հատկացվել է 560 միլիոն դրամ, որի շրջանակում մեկնարկել է 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում, և ավարտվել են նախորդ տարիներին կառուցված 30 տների շինարարական աշխատանքները: 2019-ին հատկացված միջոցներով լուծվել է 288 ընտանիքի բնակարանային խնդիր՝ շուրջ 1.85 միլիարդ դրամ միջոցների հաշվին:
«2020 թվականին մեկնարկեց ավարտական փուլը: Բյուջեով Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերին հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ 229 ընտանիքի համար: Վերջին երեք տարիներին մոտ 5.3 միլիարդ դրամ է հատկացվել: 2008-ի համեմատ՝ 2019-ին այդ հատկացումները շուրջ 4 անգամ, իսկ 2020-ին՝ շուրջ 6.5 անգամ աճել են»,- նշեց Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը՝ հավելելով, որ կորոնավիրուսի պատճառով արտերկրում աշխատանքի մեկնել չկարողացող անձինք ներգարվվել են իրենց համայնքներում ընթացող շինարարական աշխատանքներին: