«Մենք արդեն Սերգեյ Լավրովի հետ առիթ ունեցել ենք հանդիպելու Երևանում, միասին պահում ենք սերտ շփումները: Այսօրվա հանդիպումը մեր պետությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է: Իհարկե, քննարկումների հիմնական շեշտը դրվել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և ստեղծված իրավիճակի քննարկման վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հանգուցային դեր խաղաց ԼՂ ժողովրդի դեմ 6 շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: «Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ համաձայնեցնել և ընդունել եռակողմ հայտարարությունը, որը սահմանում էր տեղում ռազմական գործողությունների դադարեցումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ռուսական խաղաղապահների ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա տարածաշրջանային հովանավոր Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների կողմից սադրանքների բացառման երաշխիք է: Մարտական գործողությունների դադարեցումը հնարավորություն տվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման քննարկումները շարունակելու համար»,- ասել է Այվազյանը:
Նախարարը նաև նշեց, որ քննարկվել է ԼՂ-ում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված հարցերի խումբ: «Այդ իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կառույցների թիրախավորված և պարբերական ռմբակոծությունների հետևանքով: Մենք երախտապարտ ենք հումանիտար խնդիրների լուծման հարցում ձեր օպերատիվության և արդյունավետության համար: Այդ համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս միջազգային կառույցների ներգրավվածությանը՝ տեղում հումանիտար խնդիրների կարգավորման նպատակով:
Հումանիտար հարցերի համատեքստում անհետաձգելի է գերիների և պահվող անձանց՝ առանց նախապայմանների փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնել իրականացնել փոխանակում՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմից խոչընդոտներ չեն առաջանա: Միաժամանակ, ադրբեջանական կողմը չի դադարում հայ գերիների և որպես պատանդ պահվող խաղաղ բնակիչների հանդեպ դրսևորել անմարդկային վերաբերմունք: Իրենց տները լքել չկարողացած մեր հայրենակիցները ենթարկվում են կտտանքների և ողջ-ողջ գլխատվում են: Նույն կերպ ԻՊ ահաբեկչական խմբավորումը վարվում էր պատանդների հետ Մերձավոր Արևելքում: Տեղի են ունենում նաև Արցախում գտնվող հայկական եկեղեցիների, տաճարների հանդեպ վանդալիզմի և սրբապղծության զարհուրելի դեպքեր:
Այս ագրեսիայի և դրանից հետո ընկած ժամանակահատվածում մենք և միջազգային հանրությունը ականատես եղանք հակայակական քաղաքականության նոր ալիքի դրսևորմանը, որը տասնամյակներ շարունակ ներարկվում էր ադրբեջանական հանրությանը՝ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Արա Այվազյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվա բանակցության ընթացքում քննարկվել է Արցախի 150 000 բնակչության բոլոր իրավունքների վերականգնման և պատմական հայրենիքում դրանց իրականացման հարցը:
«ԼՂ հարցի կարգավորման ենթատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հիմնահարցի լուծման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը հանդես է եկել և հիմա էլ հանդես է գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքից: ԼՂ հակամարտության երկարատև և ամուր հանգուցալուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, որը ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է»,- ասել է Արա Այվազյանը: