«Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ձեզ՝ Սերգեյ Վիկտորի, հակամարտության գոտում մարտական գործողությունների և կրակի դադարեցմանն ուղղված հետևողական ջանքերի և անձնական ներդրման համար»,- ընդգծեց Այվազյանը:
Նրա խոսքով՝ այսօր ձևավորված իրադրությունը, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակում, պահանջում է գնահատականներ և որոշումներ, որոնք պետք է իրականանան հասարակության և ամբողջ հայ ժողովրդի համախմբման, Հայաստանի պետական կառույցների հստակ գործունեության շնորհիվ:
«Հույս ունեմ, որ կշարունակենք քննարկումները, որոնց մեկնարկը տրվել էր նոյեմբերին՝ Երևանում միջգերատեսչական պատվիրակության այցի ընթացքում»,- նշեց նախարարը:
Այվազյանն ասաց, որ պատրաստ են պատշաճ ուշադրություն ցուցաբերել այնպիսի հարցերին, ինչպիսիք են խաղաղապահների գործունեությունը, փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման հետագա քայլերը, լոգիստիկ հարցերին, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման և այլ կարևոր հարցերի:
«Բնականաբար, անհետ կորածների, գերիների որոնման և աճյունների փոխանակման հարցերը շատ զգայուն են, որոնք անհրաժեշտ է անհապաղ լուծել: Դա հատկապես արդիական է դառնում զիվորականների և ոչ միայն նրանց հանդեպ բառի բուն իմաստով բարբարոսական վերաբերմունքի մասին անընդհատ ստացվող փաստերի լույսի ներքո: Նման հարցերի շարքում է նաև հայկական հոգևոր-մշակութային կոթողների պահպանումը»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: