Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են:
Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:
Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլև արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:
Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:
Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային և Սամվել Մարտիրոսյանին՝ համագործակցության համար զեկույցը կազմելիս»,- գրել է Թաթոյանը։