Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող տանիքի փոխարեն նոր ծածկաթիթեղով կարկաս է կառուցվել, տեղադրվել են ջրահեռացման խողովակներ և ձեղնապատուհաններ:
Առաջիկայում նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում, որի արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն մշակույթի տանը գործող ծանրամարտի մարզասրահում մարզվողների և պարի խմբակ հաճախողների համար:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ ասֆալտապատվում է և մինչև տարեվերջ կավարտվի համայնքի Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածը` 128 մլն 628 հազ. դրամ ընդհանուր բյուջեով։