Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «քաղաքական ագրեսիա» է որակել Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռոբին Քուինվիլի կոչը, որով նա Եվրոպային առաջարկում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման համար մորատորիում սահմանել:
Handelsblatt-ի հետ հարցազրույցում Քուինվիլն ասել է, որ «եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ն և Գերմանիան հայտարարեն գազատարի կառուցման մորատորիում»: Ըստ նրա՝ նման միջոցը կլինի հստակ ազդանշան, որ Եվրոպան այլևս չի ընդունում «Ռուսաստանի շարունակական վնասակար պահվածքը»:
«Այս գազատարը ոչ միայն տնտեսական նախագիծ է, այլև Կրեմլի քաղաքական գործիք, որի օգնությամբ նախատեսվում է շրջանցել Ուկրաինան և մասնատել Եվրոպան»,- ասել է Քուինվիլը:
Զախարովան էլ հիշեցրել է ամերիկացի դիվանագետին 2014 թ. մարտի 5-ին The Washington Times-ի հրապարակած հոդվածի մասին հակառակ վերնագրով` «ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմը զգուշացրել է, որ ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայով կթուլացնի Արևմուտքը»:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը դիմել է Վաշինգտոնին՝ պահանջելով խաղալ կանոններով: «Եթե ուզում եք միջազգային տնտեսության պատասխանատու դերակատար լինել, պետք է խաղաք կանոնների համաձայն»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ արտահայտությունն ի սկզբանե ասել է ԱՄՆ 66-րդ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ ռուսական գազի համատեքստում:
«Հյուսիսային հոսք-2» գազատարը անցնում է Բալթիկ ծովի Ռուսաստանի ափերով դեպի Գերմանիա: ԱՄՆ-ը, որը ցանկանում է ԵՄ ներմուծել իր գազը, ակտիվորեն դեմ է գազատարի շինարարության ավարտին՝ պնդելով, որ նախագիծը ենթադրաբար սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: