Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման գործում միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցը: Այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց Սերգեյ Լավրովը:
Նա իր խոսքում անդրադարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը, նշեց, որ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում կա կազմակերպության գրասենյակ:
«Նրանց ներկայությունն ավելանալու է, ինչպես մեզ ասել էր ԿԽՄԿ նախագահ պարոն Մաուերը՝ Մոսկվա վերջերս կատարած այցի ընթացքում: Հետաքրքրություն են հայտնել ՄԱԿ-ի համակարգի այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես հետաքրքրված է մշակութային ժառանգության պահպանմամբ, ինչը համընկնում է Հայաստանի շահերին, և Ռուսաստանն ամբողջությամբ սատարում է այդ նախաձեռնությանը: Մենք նաև հետաքրքրված ենք, որպեսզի տնտեսական, առողջապահական և այլ ոլորտների վերականգնումը, ապաշրջափակումը նպաստեն հայերի և ադրբեջանցիների միջև բարիդրացիական հարաբերությունների կարգավորմանը ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ միջպետական մակարդակում: Դա կնպաստեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը՝ ի նպաստ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների և այստեղ գտնվող բոլոր երկրների: Համոզված ենք, որ տարբեր կրոնների և ազգության ներկայացուցիչները պետք է ապրեն խաղաղությամբ, որտեղ էլ նրանք լինեն: Հարավային Կովկասն արժանի է նման մոտեցման, ինչին էլ մենք ամեն կսատարենք:
Նաև ընդգծել ենք այն դերը, որը պետք է Մինսկի խումբը՝ համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, կատարի նշածս միտումների ամրապնդման գործում:
Մանրամասն խոսել ենք նաև երկկողմ օրակարգի մասին: Մենք ունենք շատ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ բարձրագույն և բարձր մակարդակներում: Չնայած համաճարակային սահմանափակումներին՝ ակտիվորեն շարունակվում է համագործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև: Միջկառավարական առտևտրատնտեսական հանձնաժողովի նախագահները՝ երկու երկրների փոխվարչապետները, մշտական կապ են պահպանում: Օրակարգում է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ անցկացնելը: Ինչպես նաև նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական միջմարզային համաժողով, որը կանցկացվի, երբ կորոնավիրուսային իրավիճակը թույլ տա»,- ընդգծեց Լավրովը:
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը՝ ՌԴ արտգործնախարարն ասաց, որ անցած տարի այն աճել է 26 տոկոսով, իսկ այս կորոնավիրուսային տարում կրճատվել է ընդամենը 0,7 տոկոսով:
«Մեր առևտրային գործընկերներից շատ քչերի հետ ենք արձանագրել նման թվային արդյունք»,- նկատեց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունները ամեն կերպ նպաստեն առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդմանը:
«Պայմանավորվեցինք նաև ամրապնդել մեր հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը: Մասնավորապես, արդեն պայմանավորվել ենք արագացնել զանգվածային հաղորդակցության, կենսաբանական անվտանգության և միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտների փաստաթղթերի նախապատրաստումը»,- տեղեկացրեց ՌԴ արտգործնախարարը: