ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն:
Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային՝ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:
Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասել է Արա Այվազյանը: