Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը՝ հայտնել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը, որի հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ այժմ ինչպես Ryanair ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ COVID-19 համավարակով պայմանավորված։
Ներկայացնում ենք Հայաստանի քաղաքացիական ավացիայի կոմիտեի պարզաբանումը ամբողջությամբ.
«Հայտնում ենք, որ ինչպես Ryanair ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ավիաընկերություններ չեն վերսկսել իրենց չվերթերը դեպի Հայաստան COVID-19 համավարակով պայմանավորված։
Ryanair ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021 թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում։
Ավիաընկերության կողմից ձմեռային նավիգացիոն շրջանում թռիչքներ չիրականացնելը բացառապես պայմանավորված է COVID-19 համավարակով։ Նշենք նաև, որ համավարակի երկրորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար՝ այդ երկրներում համավարակի տարածման ցուցանիշներից ելնելով, ավելին՝ առանձին երկրների քաղաքացիների համար գործող սահմանափակումներն առավել խստացան։
Վերստին հայտնում ենք, որ ավիաընկերությունը երբևէ չի հայտնել դեպի ՀՀ թռիչքների իրականացման դադարեցման մասին և պատրաստ է վերսկսելու թռիչքները դեպի ՀՀ համավարակի տարածման հետ կապված իրավիճակի բարելավման և դրա հետ կապված գործող սահմանափակումների վերացման պարագայում»։