1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:
32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ: Բնական աղետը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ 20 հազար վիրավոր եղավ: Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, և Սպիտակում՝ 4 հազար մարդ: Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, մեծ վնաս հասավ գործարաններին, պատմական հուշարձաններին:
Երկրաշարժից հետո Ռուսաստանից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն: