Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին:
Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել:
Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին. «Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների ու բարեկամների կողմից Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշակի անվստահություն և դժգոհություններ են առաջացել Հիմնադրամի գործունեության վերաբերյալ: Այդ մասին մեր հայրենակիցները բարձրաձայնել են նաև մամուլում: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել, նվիրատուները իրենց վստահությունը չարաշահելու վերաբերյալ կասկածներ ունեն: Այս ամենի արդյունքում կարող է վտանգվել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի համար գումարների հանգանակումն ու նվիրաբերումը»:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ: Բացի այդ, առկա է ընդհանրապես համահայկական միասնության գաղափարի վարկաբեկման վտանգ՝ գաղափար, որը մինչ այժմ ապահովել է Հիմնադրամի գործունեությունը:
Հետևաբար, ըստ նախագահի, կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի Հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում՝ դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային:
«Միաժամանակ, պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ որպես Հիմնադրամի հիմնական ու հավատարիմ նվիրատուների, սպառիչ տեղեկատվություն տրամադրվի «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ:
Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված 52,703,113,395 ՀՀ դրամ գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:
Հասկանալով այն բարդ իրավիճակը, որում ներկայումս գտնվում է մեր երկիրը, միևնույն ժամանակ անընդունելի եմ համարում առկա տարաբնույթ ճգնաժամերին ավելացնել նաև վստահության ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ:
Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և Հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Գումարի վերադարձը Հիմնադրամի բյուջե հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղությունները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ ակնկալելով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերյալ:
Հիմնադրամը պետք է լինի բացարձակապես ապաքաղաքական կառույց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից: