Տեր Հովհաննեսն է՝ Դադիվանքի վանահայրը: Նրա մատուցած Պատարագն այժմ էլ Սուրբ Երրորդություն եկեղեցում է համախմբել մեծաթիվ մարդկանց: Կիրակի առավոտյան մշտական աղոթք անողների հետ այստեղ են շտապել նաև Արցախի համար կռիվ տված տղաները:
Վահե Վարդանյան - Արցախում էի էդ ժամանակ՝ ռազմաճակատում էի, դրա համար Դադիվանքում չեղա...
Պատարագիչ քահանան օրվա քարոզը կարդաց Ղուկաս Ավետարանից: Ժողովրդին խնդրեց. «Միասին աղոթենք պատերազմում զոհված, գերեվարված ու անհետ կորածների համար: Արցախն այսօր ծանր վիճակում է»:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանահայր) - Ինչքան կարողացանք կռվեցինք, պաշտպանեցինք, բայց ցավով եմ ասում՝ կան նաև տարածքներ, որ սկուտեղի վրա մատուցեցինք ազերիներին...
Չեմ ասում, որ հուսահատվեք, ես էլ հույսս չեմ կորցնում՝ թևաթափ եղած մարդկանց ուժերը հավաքելու կոչ արեց տեր Հովհաննեսը: Բոլորիս աղոթքները դարձի կբերեն մեղավորներին: Մարջիկ տատը վերև է նայում. կռվի կրակները հանգցնող Աստծուց մի կաթիլ ջուրն է ուզում...
Մարջիկ Մելքոնյան - Խնդրենք Տիրոջը խաղաղություն տա աշխարհին... Մեր ջահելները մեղք են՝ կոտորվեցին, գնացին:
Խաղաղություն ամենեցուն՝ անընդհատ հնչում է Պատարագին: Քարոզի ընթացքում Տեր Հովհաննեսը հայտարարեց նաև՝ շաբաթ օրվա հանրահավաքին գնացել է Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, որ օրհնի ժողովրդին: Այնինչ ոմանք տարածել են, թե Դադիվանքից Տեր հայրը եկել է ոչ թե առողջական, այլ քաղաքական նպատակով:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան - Ոչ, սիրելի ժողովուրդ, բոլորն էլ իմ ժողովուրդն են, ես չեմ տարբերում ու չեմ բաժանում սևերի ու սպիտակների, մենք հայ ենք, սիրո մեջ պիտի ապրենք...
Չար լեզուները, կեղծավորները, բամբասողները շատացել են: Նրանց մեղքերի թողության համար հավատացյալները ծնկի իջան, կատարվեց Խոստովանության կարգ...
Պատարագի ավարտին շատերը հաղորդություն, շատերը օրհնություն ստացան: Տուն վերադարձին՝ մեծից փոքր մտքում տանելով լսած խրատները:
Անահիտ Գալստյան - Չար չլինել, բոլորին սիրել, ոչ մեկին չնախանձել, որովհետև 7 մահացու մեղքերից է գտնվում...
Սուրբ Երրորդությունից հետո Արցախ, Դադիվանք ե՞րբ կվերադառնա՝ Տեր Հովհաննեսը դեռ չգիտի: Բայց որ գնալու է՝ հաստատ է: Վանքում հայկական խաչքարեր են, մեր սպասավորներն ու միայն մեր դրոշմը... Ուրիշ ոչ մի ազգի հետք չկա՝ պնդում է վանահայրը՝ զայրացած Ադրբեջանի կողմից եկեղեցում ուդիների ծիսակարգ կազմակերպելու փաստից:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան - Մենք պիտի հզորանանք ու քշենք ազերիներին այդտեղից՝ պարսպի պատերի տակ: Դա հատուկ են արել՝ ուդիներին բերել այնտեղ: Ուզում են աշխարհի աչքերին թոզ փչել և ապացուցել, որ դա իբր թե աղվանական եկեղեցի է, ոչ թե հայկական քրիստոնեական: Բայց դա իրենց չի հաջողվի, նավթով դա չեն կարող ապացուցել: 2000 տարվա պատմություն ունի, Սուրբ Դադիի մասունքներն են այնտեղ: Շուտով մենք կապացուցենք, որ ոչ միայն եկեղեցին է մերը, այլ տարածքներն են մերը, և հողն է մերը...
Աղոթենք Աստծուն՝ հետ ստանալու համար կորցրածը... Բաժանմանը մարդկանց պատգամեց վանահայրը: Ասաց՝ հույսի մոմը վառ պահեք: