Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են՝ Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:
Ընդ որում՝ առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովերի ու խոզերի, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:
Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա է հաստատում. նրանք վրեժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը և այլն՝ ակնհայտ իմանալով, որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլև արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի:
Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի, ընդ որում՝ հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:
Վաղը կհրապարակենք կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ սկզբունքով կազմված ծավալուն զեկույց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։