Ընդհանուր հաց, ընդհանուր վիշտ: Գերմանական «Շպիգելը» նկարագրում է՝ ինչպես էին պատերազմի օրերին Արցախում հաց թխում, անվճար բաժանում... Հոդվածագիրն առանձին անդրադարձել է արցախահայերի պայքարին՝ պայթող ռումբերի տակ հացը համարելով համախմբման խորհրդանիշներից մեկը:
Շատերի համար այն պարզապես սովորական հաց է: Բայց առավոտից երեկո մարդիկ հունցում էին խմորը, աղոթում, խնդրում, որ երկինքը խաղաղ լինի:
Հոդվածում Արմենի և Նելսոնի օրինակով ներկայացվում է համերաշխություն քարոզող արցախցու տեսակը: 2014-ից բացված հացաբուլկեղենի արտադրամասը սիմվոլիկ գումարով հաց էր մատակարարում բանակին: Հետո սկսվեց պատերազմը, հացը դարձավ անվճար: Տեղի բնակչությունը, հոդվածագրի մեկնաբանմամբ, սովոր է հարձակումներին: Որպես օրինակ՝ նշում է 2016-ի Ապրիլյանը: Այդ ժամանակ Ստեփանակերտի վրա ոչ մի ռումբ չի ընկել: Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմն այլ բնույթ ուներ: Եվ անկախ ռումբերի ձայնից՝ բոլորը հավաքվում էին արտադրամասի դիմաց, հաց ստանում, զրույցի բռնվում:
Արտադրամասի բակը դարձել էր հավաքատեղի: Օրվա մեջ այդ մի քանի րոպեն մարդիկ իրար էին տեսնում, ուրախանում, որ ողջ են ու անվնաս: Մարդիկ մոռացել էին գնումների մասին, բայց չէին մոռացել հացը: Պատերազմի, անորոշության մեջ պարզ դարձավ, որ հացը շատ ավելին է, քան կերակուրը:
Ինչպես էին մարդիկ ժամեր շարունակ կանգնում վառարանի դիմաց՝ գիտակցելով, որ ամեն պահի մի ռումբ էլ այդտեղ կնկներ: Հոդվածի հեղինակը սա համարում է պայքարող և չպարտվող ազգի տեսակ: Կամավոր խմբերը գալիս, փոխարինում էին միմյանց, մյուսներն էլ տաք հացը հասցնում էին ռազմաճակատի զինվորներին: Լրագրող Շտայնհաուսը շատ պատերազմներ է լուսաբանել, բայց Արցախյանը համարում է արդար պայքար:
Որքան էլ զարմանալի թվա, Արցախում բնակվողներն անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից մտածում են նոր ներդրումների, նոր գաղափարների մասին: Ովքեր պատերազմի պատճառով հեռացել էին, վերադառնում են Արցախ: Նույնիսկ նրանք, որոնց տները մնացին Ադրբեջանին:
«Նույնիսկ ապաստարաններում հացը կիսելու ավանդույթը նրանց համար ոչ սովորական խորհուրդ ունի»,- այսպես է ավարտում Շտայնհաուսը ոչ սովորական հոդվածը: