ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտու ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները:
Ռուս խաղաղապահները Շուշի-Լիսագոր ճանապարհի երկայնքով ինժեներական հետախուզություն և ականազերծում են իրականացրել էլեկտրահաղորդալարերի հենասյուների շուրջ: Մաքրվել են 4.8 հա տարածք և 2.5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 35 պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, մաքրել են մոտ 50 հա տարածք, 17 կմ ճանապարհ և հայտնաբերել և վնասազերծել մոտ 1150 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված զինափորձարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում `անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովման պայմաններում:
Համաձայն այս տարվա նոյեմբերի 9-ին` Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների, հայտարարվել է հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիովին դադարեցում Լեռնային Ղարաբաղում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահների օգնությամբ ռազմական գործողություններից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Անցած օրվա ընթացքում վերականգնվել են չորս հենասյուն և 1600 մ էլեկտրահաղորդալար, 1 կմ գազատար, 2200 մ կապուղի և երկու տրանսֆորմատորային ենթակայան: