Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց Հայաստանի նախկին նախագահը համաձայնել է հարցազրույց տալ և բացել որոշ փակագծեր: Լրագրողի հարցին, թե ինչո՛ւ հիմա, եթե նա տիրապետում էր կարևոր տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է՝ իրողություններին սթափ նայելու անհրաժեշտության տեսանկյունից:
Ռոբերտ Քոչարյան (ՀՀ երկրորդ նախագահ) - Ես համարեցի, որ ժամանակ է պետք մեր հանրության համար՝ տեղեկություններին ավելի լավ տիրապետելու համար, իմ խոսքը պետք է լինի ավելի ծանրակշիռ, միգուցե նաև՝ ավելի վերլուծական:
Նախապատերազմական ժամանակաշրջանը վերլուծելիս Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հնարավոր էր կանխել ռազմական գործողությունները, եթե Հայաստանի իշխանությունը հանդես չգար բանակցությունը փակուղի տանող հայտարարություններով: Դրանց շարքում նախկին նախագահն առանձնացրել է «Արցախը Հայաստան է և վերջ» կոչը, որը, ըստ Քոչարյանի, ազգերի ինքնորոշման սկզբունքից հարցը տեղափոխում է տարածքային ամբողջականության հարթություն:
Ռոբերտ Քոչարյան - Համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմը ի՛նչ է ուզում, և ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմը տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար: Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ:
Այն, որ պատերազմ սկսող Ադրբեջանին չդատապարտեց միջազգային հանրությունը, Ռոբերտ Քոչարյանը բացատրել է Հայաստանի դիվանագիտական ձախողմամբ: Նախկին նախագահը հիշեցրել է՝ գործող իշխանությունը ստացել է բանակցային գործընթացի մի ժառանգություն, որից Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է` սեփական նախաձեռնություններով հանդես գալու համար:
Ռոբերտ Քոչարյան - Ինքը սկսեց զրոյական կետից, իր սեփական կետից, իսկ դա այն է, ինչի մասին ես արդեն ասացի:
Պատերազմի մասին:
Ռոբերտ Քոչարյանը մատնանշել է սպառազինության ցածր մակարդակը, ոչ նպատակահարմար զենքերի առկայությունը, նաև մարտավարական սխալները:
Ռոբերտ Քոչարյան - Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է, պարզվեց, որ օդը լիարժեք բաց է: Ակնհայտ է, որ գնվեցին Սու 30-ներ, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել, չեն եղել հրթիռներ: Եթե չլինեին այն մետաղի ջարդոն Օսա-ԿԱ-ները, որոնք չաշխատեցին: Կար պայմանավորվածություն ՌԴ-ի հետ ՏՕՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց:
Քոչարյանը մատնանշել է պատերազմի առաջին օրերը, երբ զինված ուժերի ղեկավարության համար պարզ էր ռազմական գործողությունների իրական վիճակը: Հնարավոր էր կանգնեցնել պատերազմը և խուսափել մեծ թվով մարդկային ու տարածքային կորուստներից, եթե վարչապետը լսեր բանակին` ասել է Հայաստանի նախկին նախագահը:
Ռոբերտ Քոչարյան - Վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը ԳՇ-ի կողմից ստացավ այդ զեկույցը: Պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը, կոնկրետ ժամկետներով: Այն ժամանակ ադրբեջանցիք ընդամենը 3-4 կմ էին առաջ գնացել, և ունեինք մոտ 500 զոհ:
Ըստ Քոչարյանի՝ պատերազմը ձախողած կառավարությունը պիտի գնա, սակայն միաժամանակ սխալ է համարել արտահերթ ընտրությունը շտապ կազմակերպելը: Հանրությունը պետք է դուրս գա շոկային վիճակից, իսկ մինչ այդ պետք է իշխանությունը փոխանցել փորձով արդյունք ցույց տված մարդկանց՝ նախկին նախագահի համոզմունքն է:
Ռոբերտ Քոչարյան - Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել, սա պաշտոնի կռիվ չէ: Ես չեմ նախանձում որևէ մեկին, որը այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ: Իմ բոլոր հնարավորություններով փորձելու եմ անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը երկիրը հաղթահարի:
Ճգնաժամից դուրս գալու և զարգացման ապագա կառուցելու, Թուրքիայի սպառնալիքը չեզոքացնելու համար Ռոբերտ Քոչարյանը անհրաժեշտ է համարել նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները:
Ռոբերտ Քոչարյան - Ռուսաստանի հետ պետք է շատ ավելի ինտեգրվել, հատկապես պաշտպանական, անվտանգության հարցերում ավելի խոր ձևաչափեր պետք է գտնել: Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որը ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո՛, կա:
Ռոբերտ Քոչարյանը պնդել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ տնտեսական և ռազմական ինտեգրված զարգացման ճանապարհն ընտրել՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան