Մեր անցած ճանապարհի ու անհաջողությունների պատմությունը պետք է մանրամասն վերլուծվի, և դա պետք է տեղի ունենա առանց մանիպուլյացիաների, պետք է տեղի ունենա հանդարտ, աշխատանքային պայմաններում: Այդ մասին տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր բոլորս ալեկոծված ենք:
Վարչապետը նշեց, որ այսօր ամենակարևորը առաջիկա անելիքներն են: Կարևոր խնդիրը, ըստ նրա, գերեվարված հայ ռազմագերիների և գերիների վերադարձն է: Այդ հարցում, Փաշինյանի խոսքով, որոշակի առաջընթաց կա, և համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից առաջ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
«Պետք է վերադարձնենք նրանց, ում գերեվարման փաստը հաստատված է, նաև հետագայում, եթե կլինեն անուններ, որևէ խնդիր չծագի: Այստեղ մեզ պետք է համբերություն, և ես կարծում եմ, որ մենք հաջողություն կունենանք»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խնդիրն անհայտ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը, ըստ նրա, թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Վարչապետն ասաց, որ մի կողմից կատարվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում, մյուս կողմից՝ ՀՀ-ում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում:
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500-ն այս պահին գտնվում են ճանաչման փուլում: «Մեծ հավանականությամբ, ցավոք, այս մարմիններն անհայտ կորածների մարմիններն են: Ճանաչման գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ մարմնից վերցվում է ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը բավականին ժամանակատար է: Նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել և հարազատներին է հանձնվել 135 մարմին, և այս գործընթացը կշարունակվի»,- ընդգծեց վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որի մասին չի ցանկանում բարձրաձայնել, սակայն նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է կատարվում:
Փաշինյանն ասաց, որ պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ և սգո օրեր կլինեն չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո: «Դրանք պետք է լինեն մտորումի օրեր, մտորում՝ միտված անցյալին և ապագային»,- նշեց վարչապետը: