Մոսկվայում 70 բուժկենտրոն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնել: Մի քանի շաբաթվա ընթացքում 70-ին կգումարվի ևս 100 բուժհաստատություն: Առայժմ պատվաստվել կարող են ռիսկի գոտում գտնվողները՝ կրթության, առողջապահության և քաղաքային սոցծառայությունների ոլորտի աշխատակիցները: Պատվաստումն իրականացվում է նախնական գրանցմամբ: Ռուսաստանցի մասնագետները վստահեցնում են՝ ավելի քան վստահ են պատվաստանյութի որակի վրա ու դրա ապահովության երաշխիքներ են տալիս:
Դենիս Դավիդով (բժիշկ) - Այլևս մտահոգություններ չկան, բոլոր կասկածները վերացել են: Ամեն օր մենք համոզվում ենք, թե որքան արդիական է այս պատվաստանյութն ու որքան կարևոր: Պատվաստանյութն այս հիվանդության կանխարգելման միակ միջոցն է:
Պատվաստվել կարող են 18-60 տարեկան այն մոսկվաբնակները, որոնք չունեն քրոնիկական հիվանդություններ, չեն մասնակցել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին և չեն պատվաստվել վերջին 30 օրում: Հղի և կերակրող կանանց պատվաստումները հակացուցված են:
Անաստասիա Ռակովա (Մոսկվայի փոխքաղաքապետ) - Ամենակարևորն այն է, որ մեր մասնագետները կարողացան կորոնավիրուսի պատվաստումների կազմակերպման եզակի փորձ մշակել: Մենք արդեն ժամանակացույց ենք մշակել: Պատվաստումներ կատարող բոլոր հաստատություններում նախատեսված են սենյակներ, որտեղ մարդիկ պետք է մնան պատվաստվելուց հետո:
Մինչ Ռուսաստանում մարդիկ պատվաստվում են Քովիդից պաշտպանվելու համար, աշխարհի առաջնորդները պատվաստանյութ ձեռք բերելու և այն բաշխելու ռազմավարության վրա են շարունակում աշխատել:
Ժան Կաստեքս (Ֆրանսիայի վարչապետ) - Ֆրանսիայում դրական դեպքերի թիվը նվազում է: Մենք հիմա անում ենք ամեն բան, որ պատվաստանյութն առաջիկայում հասանելի լինի: Պատվաստումն անվճար կլինի բոլորի համար, կառավարությունը այդ նպատակով նախատեսել է 1,5 միլիարդ եվրո:
Մինչև Եվրոպայում պատվաստումների մեկնարկը՝ Եվրամիությունն առաջարկում է հատուկ վակցինացիայի անձնագիր ստեղծել, որը կհաստատի անձի պատվաստված լինելը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է՝ իր բնորոշմամբ՝ «անձեռնմխելիության վկայագիրը» լավ տարբերակ չէ, որպես այլընտրանք առաջարկում է ստեղծել պատվաստումը հաստատող էլեկտրոնային անձնագիր: ԱՀԿ-ն, սակայն, պատվաստանյութի հետ շատ մեծ հույսեր կապել դեռ խորհուրդ չի տալիս:
Մայք Ռայան (ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն) - Պատվաստանյութերն իսկապես հզոր գործիք են կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց դրանք ամբողջությամբ չեն զրոյացնելու վիրուսը: Մենք ստիպված ենք լինելու շարունակել պաշտպանվել դրանից՝ հիգիենա, անձնական վարքագիծ: Եվ, վերջապես, պետք է գիտակցենք, որ ոչ բոլորին է պատվաստանյութը հասանելի լինելու տարվա սկզբին:
Պատվաստանյութերի հետ կապված դրական լուրերի ֆոնին՝ ԱՀԿ-ն երկրների կառավարություններին և քաղաքացիներին կոչ է անում չկորցնել զգոնությունը: