Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա տեսաուղերձում անդրադարձավ այս օրերին Հայաստանի սահմանների որոշ հատվածներում տեղի ունեցող գործընթացներին:
«Սա ցավոտ գործընթաց է և ցավով է ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից: Սա, իհարկե, հասկանալի է: Բայց մենք պետք է արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով: Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է: Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում, տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց դրանք անլուծելի չեն: Դրանց լուծման վրա մենք աշխատում ենք: Պիտի խնդրեմ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ դա դառնա իրոք սահման և ոչ թե ռազմաճակատի գիծ»,- նշեց վարչապետը:
ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել: Դրա մեջ կարևոր շեշտադրումներ կան. վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու և լիարժեք բանակցային գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը: Սա ևս կարևոր գործոն է՝ նշեց Փաշինյանը:
«Այս պայմաններում, իհարկե, մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա: Այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա: Պատերազմի հետևանքները որոշակի հարցեր են առաջացրել մեր զինվորների կեցության հետ կապված, և մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով:
Իհարկե ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցն այն է, թե ինչ ենք պատրաստվում անել: Պատրաստվո՞ւմ ենք արդյոք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ո՛չ, չե՛նք պատրաստվում, և մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ»,- նշեց Փաշինյանը: