ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադարձավ ինստիտուցիոնալ բանակցություններին՝ մեկնարկից ի վեր:
«Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի, և սա է հարցի լուծման բանաձևը:
Դիվանագիտական հաջողությունը 1998 թվականին բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետության փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքներ Ադրբեջանին հանձնելու պահանջը, և այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ և այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն:
Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով:
Դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց, պարզվեց՝ խայտառակ մի բան՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնվի:
Դիվանագիտական հաջողությունը 2011 թվականի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարն այստեղ-այնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում:
Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, և որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013 թվականից Ադրբեջանը սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: Շատ պարզ պատճառով. որովհետև երբ, կներեք, զավեշտի համար, բայց չեմ կարող չասել, երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է «օքուփայթ»: Շատերդ չեք հավատա, իրոք, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է: Այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել են այսօր մեզ ասում են, որ մենք դիվանագիտությունը ձախողել ենք:
Արդյոք դիվանագիտական հաջողությունը 2016 թվականի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը:
Բա լավ, մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես պնդում եք, դուք՝ լավ: Եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից:
Այդ ինչպե՞ս եղավ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր: Այսինքն՝ ընդունեցիք, պատերազմ վարելու Ադրբեջանի իրավունքը լեգիտիմացրիք: Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մենք ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողվել»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ սա է ճշմարտությունը: