ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսաուղերձում ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ հայտարարության մեջ ո՛չ «Մեղրի» բառ կա, ոչ էլ՝ «միջանցք»՝ ընդգծելով, որ «միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ:
«Նկատի ունեմ՝ Մեղրիի մասով «միջանցք» հասկացություն չկա. կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե մենք ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոններ ի հայտ գալու հնարավորության մասին: Արդյոք մեր տնտեսության մեջ էական բան կփոխվի՞ Հայաստան - Ռուսաստան և Հայաստան - Իրան երկաթուղային կապի վերականգնմամբ, կարծում եմ՝ այո՛: Եթե այս հարթությունում են դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում, բայց հիմա, ինչպես ասացի, ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»,- ընդգծեց Փաշինյանը: