Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, «Դալան» ցուցասրահում կանցկացվի «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Կցուցադրվի նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի կունենա նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Դարիուշ Գաժևսկու «Լեգեոններ» ֆիլմը։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարը։ Երկու ֆիլմերն էլ թարգմանված են հայերեն։
Նույն օր՝ը ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։
Մուտքը բոլոր միջոցառումներին ազատ է: