Սաուդյան Արաբիան Իսրայելի հետ հարաբերություններն ամբողջովին կկարգավորի Պաղեստինի պետության հիմնադրման պայմաններում: Այս մասին այսօր հայտարարել է արաբական թագավորության արտգործնախարար արքայազն Ֆայզալ բին Ֆարհանը՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Իսրայելի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի հարաբերությունների կարգավորումից հետո ենթադրություններ կային, որ Սաուդյան Արաբիան կհետևի նրանց օրինակին: Սակայն, արաբական թագավորության համար Պաղեստինի պետությունը նախապայման է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
«Մենք մշտապես բաց ենք եղել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, և կարծում ենք, որ Իսրայելն իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանում: Սակայն, դրա համար անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ունենան իրենց պետությունը: Մենք պետք է լուծենք այդ հիմնահարցը»,- հայտնել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը: