Ազատության հրապարակում այսօր Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրած ընդիմադիր կուսակցությունների հանրահավաքն էր: Այն մեկնարկեց պատերազմում զոհված տղաների հիշատակը հարգելով և Դադիվանքի վանական համալիրի վանահոր հնչեցրած աղոթքով:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն իր ելույթում հնչեցրեց ամենամեծ ցավը՝ հայ զինվորների մարմինները դեռ գտնվում են ռազմի դաշտում: Վանահայրը մտահոգություն հայտնեց, որ որոշ մարդիկ ուզում են այս ամենը ներքին կռվի վերածել և այդ մարդկանց առաջարկեց վաղը, մյուս օրը հավաքվել ու գնալ սահման, որտեղ թշնամին է: Օրեր առաջ Դադիվանքում ուխտագնացություն, մկրտություն, պսակադրություն էր, իսկ այսօր մեզ համար՝ ողբերգություն:
Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան (Դադիվանքի վանական համալիրի վանահայր)- Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք:
Այնուհետև հաջորդեցին քաղաքական ելույթներ: Հանրահավաքի ժամին ԲՀԿ կուսակցության նախագահը, կուսակիցների խոսքով, հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ընգծելով, որ Արցախի կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի: Ըստ Ծառուկյանի ուղերձի՝ որևէ երկրում չի եղել, որ պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ:
Իվետա Տոնոյան (ԲՀԿ պատգամավոր)- Փոխանակ Նիկոլ Փաշինյանն ընդունի իր և իր թիմի խայտառակ պարտությունը, ներողություն խնդրի ու լուռ հեռանա, նա ամեն օր փորձում է արդարանալ: Փորձում է իր պարտությունը բարդել ուրիշների վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք՝ ինքը:
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է երկիրը պառակտելու համար: Ասում է՝ նրան փոխարինող Վազգեն Մանուկյանն այն մարդն է, որ կարող է գլխավորել հակաճգնաժամային կառավարությունը.
Իշխան Սաղաթելյան (ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ)- Մենք նոր առաջնորդ, փրկիչ կամ թագավոր չենք ընտրում, մենք ընտրում ենք մի մարդու, որը նաև պատրաստակամություն է հայտնել, որ հաջորդ անգամ չի առաջադրվելու և ապահովելու է ազատ ընտրություններ, իսկ Հայաստանում իշխանություն ձևավորելու իրավունքը պատկանում է ՀՀ քաղաքացուն:
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ կարող էինք կանխել պատերազմը, հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ:
Վազգեն Մանուկյան («Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու)- Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ: Այդ գեներալներն իրավունք չունեին մտնելու շտաբ:
Շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ կերպով ձևավորվել ժամանակավոր կառավարություն: Չհրաժարվել, բայց, միևնույն ժամանակ, չհաշտվել եռակողմ փաստաթղթի հետ՝ հայտարարեց Մանուկյանը, պնդեց՝ կառավարությունը պետք է կարողանա բանակցության միջոցով փաստաթղթում առկա անորոշությունները դարձնել հօգուտ Հայաստանի: Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Սրանք դեռ ամենը չեն:
Վազգեն Մանուկյան- Կարևորագույն խնդիր է նաև անհետ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:
Հանրահավաքին հաջորդել է քայլերթ դեպի Պռոշյան փողոց՝ կառավարության ամառանոցներ, որտեղ ցուցարարները հայտարարել են, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը, ժամը 12:00-ն չհեռանա, ամբողջ Հայաստանում սկսելու են անհնազանդության ակցիաներ և վստահեցնում են՝ որևէ պայման չեն ընդունելու: