Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում անդրադարձավ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքին:
Նա նշեց, որ կայացվել են սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք որոշումներ: Մասնավորապես, Արցախում հաշվառված մեր քաղաքացիները, որոնք սեփականություն չունեն, ստացել են դրամական աջակցություն՝ 68 հազար դրամի և լրացուցիչ 15 հազար դրամի չափով: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչները ստացել են յուրաքանչյուրը 300 հազար դրամ: Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տուժած տների վերականգնման համար:
Պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած և զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին փոխհատուցում է տրամադրվել, որոշվել է նաև ֆինանսական աջակցություն տրամադրել հյուրընկալ ընտանիքներին:
«Առաջիկայում որոշում կկայացվի պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ ուսանողներին 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու մասին: Տեղի է ունենում վնասված շարժական գույքի հաշվառում՝ դրանց փոխհատուցման հարցը նույնպես լուծելու համար: Սոցիալական երաշխիքների հավելյալ համակարգ կներդրվի գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների անդամների համար»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Արցախի կառավարության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում բնականոն կյանքը վերականգնելու համար: Արդեն մի քանի տասնյակ հազար արցախցիներ վերադարձել են, պետք է լուծվեն նրանց բնակարանային հարցերը:
«Զուգահեռաբար ակտիվ աշխատանքներ են ընթանում հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ դատական համակարգից մինչև «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներ: Այս ամենը նրա համար է, որ ոչ թե մենք կամ ես մնամ իշխանության, այլ որ ժողովուրդը մնա իշխանության: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին հնարավորություն կունենա ազատ կամարտահայտմամբ ընտրել իր իշխանությունը»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում միակ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները չեն վիճարկվել, 2018-ի խորհրդարանական ընտրություններն էին:
Վարչապետը նշեց, որ իր համար պարզ է Հայաստանում տեղի ունեցող որոշ քաղաքական պրոցեսների իմաստը:
«Որոշ շրջանակներ ուզում են ամեն ինչ անել, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունները միակն էլ մնան, որում ժողովուրդն ինքն է կայացրել որոշում: Սա թույլ չենք տալու: Ժողովրդի իշխանությունը Հայաստանում չի կարող դրվել կասկածի տակ: Հիմա այդպիսի մի փուլ է, որ ինչ մեղադրանքներ ասես դրվում են շրջանառության մեջ: Ուզում եմ ասել, որ այդ հարցերից որևէ մեկը անպատասխան չի մնալու»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը: