Ընդդիմադիր 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց, որ 30 տարի անց նույն հրապարակում մարդիկ են հավաքվել և կրկին՝ Արցախի խնդրով, բայց վիրավորված արժանապատվությամբ ու տարածքային կորուստներով:
«Վտանգված է հիմա Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը: Սա է վիճակը: Հարմարվե՞նք այս վիճակին: Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են: Եվ այդ խնդիրները պետք է լուծվեն:
Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն:
«Առաջինը՝ այն համաձայնագիրը, որը ձևավորված է որպես հայտարարություն, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մարտունակությունը, անվտանգության հարցի մեջ մտնում են մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հավելեց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը շեշտեց՝ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:
«Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք»,- ասաց Մանուկյանը: