Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող մի խումբ ֆրանսիացի բժիշկների՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։
Առաքելության պատասխանատու դոկտ․ Լևոն Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Աարցախյան պատերազմի ընթացքում հումանիտար և բժշկական օգնության նպատակով կազմակերպված առաքելության շրջանակներում Ֆրանսիայից բժիշկների արդեն երրորդ խմբի այցելության արդյունքների, վիրավորում ստացածների ապաքինմանն ուղղված ծրագրերի և այդ նպատակով ձևավորված համագործակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատել է ֆրանսիացի բժիշկների ազնիվ հանձնառությունը՝ նշելով, որ նմանօրինակ մարդասիրական ծրագրերը մեծ օգտակարություն ունեն և կարևոր զորակցություն են հայ բժիշկներին վիրավոր զինվորականների բուժման գործում։
Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին և, մասնավորապես, նախագահ Էմանուել Մակրոնին այն կարևոր աջակցության համար, որ պատերազմի առաջին օրերից ցուցաբերվել է Արցախի ժողովրդին։ Հայոց Հայրապետը բարձրորեն է գնահատել նաև այն ուշադրությունը և հարգանքը, որ ֆրանսիացի ժողովրդի կողմից դրսևորվում է հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ։
Ֆրանսիացի բժիշկները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրապետական օրհնության և գնահատանքի համար։ Ապա քննարկվել են առկա անհրաժեշտություններն ու կարիքները, անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերին, մասնավորապես՝ վերջին տարիներին Մայր Աթոռի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության համատեղ ջանքերով իրականացվող վերջույթների պրոթեզավորման ծրագրին։
Կարևորվել է նմանօրինակ ծրագրերի կազմակերպումը ներգրավմամբ նաև մարդասիրական զանազան կազմակերպությունների, որպեսզի հնարավորություն ընձեռնվի վիրավոր զինծառայողներին վերադառնալու լիարժեք կյանքի։ Այդ գործընթացում անհրաժեշտ նկատվել է բուժման մեջ գտնվողների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպումը և դրանում ընդգծվել նաև եկեղեցու մասնակցության կարևորությունը։
Վերջում Հայոց Հովվապետն աղոթել է խաղաղության համար՝ հայցելով Երկնավորից, որպեսզի որևէ ազգ և ժողովուրդ այլևս չապրի նման ցավ և պատերազմի աղետալի հետևանքների ողբերգություն։