Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրած ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը մեկնարկել է պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակը հարգելով և Դադիվանքի վանական համալիրի վանահոր հնչեցրած աղոթքով: Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը իր ելույթում ասել է, որ այսօր ամենամեծ ցավն այն է, որ հայ զինվորների մարմինները դեռևս գտնվում են ռազմի դաշտում:
Վանահայրը մտահոգություն է հայտնել, որ որոշ մարդիկ ուզում են այս ամենը ներքին կռվի վերածել: Նա առաջարկել է այդ մարդկանց վաղը-մյուս օրը հավաքվել ու գնալ սահման՝ այնտեղ, որտեղ թշնամին է:
Այնուհետև քաղաքական ելույթներին հետևել է ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթը, որում նա ներկայացրել է Հայաստանում և Արցախում իրավիճակը կարգավորելու ճանապարհային քարտեզը:
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ շարժումը այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ կերպով ձևավորել ժամանակավոր կառավարություն:
«Չհրաժարվել, բայց միևնույն ժամանակ չհաշտվել եռակողմ փաստաթղթի հետ»,- հայտարարել է Մանուկյանը, պնդել՝ կառավարությունը պետք է կարողանա բանակցության միջոցով փաստաթղթում առկա անորոշությունները դարձնել հօգուտ Հայաստանի:
«Պետք է նորից վերականգնել բանակը և դարձնել ժամանակակից: Անվտանգության հարց է նաև մեր հատուկ հարաբերությունը ՌԴ-ի հետ: Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը: