ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։
«Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ մուտք գործելիս։ Եթե անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-ի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։
Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը։
Միաժամանակ, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման։
ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները, պայմանավորված համավարակով, շարունակում են ուժի մեջ մնալ՝ ըստ ՀՀ կառավարության 1514-ն որոշման։
Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ»,- տեղեկացնում է ԱԱՏՄ-ն: