Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ աշխատանքային այցի շրջանակում Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա. Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելել է «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:
«Այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկեցինք առկա հիմնախնդիրները, դրանք ճշգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:
Ներկայացրի Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք է արվի ամեն հնարավորը մեր համատեղ աշխատանքներն ամենակարճ ժամկետներում կանոնակարգելու և ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար:
Մեր որդեգրած բարեփոխումների արդյունքները և հետագա հաջողությունները պետք է տեսանելի և շոշափելի լինեն բոլորի համար՝ և՛ աշխատակազմի, և՛ հասարակության յուրաքանչյուր անդամի: Այս համատեքստում չափազանց կարևորում եմ աշխատավարձերի վերանայման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային հաջող փորձի ներդրման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նախարարությունը բանակցությունների մեջ է միջազգային գործընկերների հետ:
Մենք պարտավոր ենք օր առաջ ունենալ ավելի լավ, ապահով ու բարեկեցիկ սոցիալական ու աշխատանքային միջավայր մեր աշխատակիցների համար:
Պետք է բացառել ստվերային ու արգահատելի այն գործելաոճը, որը նախկինում տեղ է գտել մեր պետական կառավարման համակարգում, մասնավորապես՝ անտառների կառավարման համակարգում:
Առանձնահատուկ շեշտեցի հողերի վարձակալությունների վարձավճարների վերանայման, առկա պայմանագրերը գույքագրելու, տնտեսվարողների կողմից պետության հանդեպ ապառքերը վերադարձնելու հարցերը: Ղեկավար անձնակազմին հանձնարարեցի հանդիպումներ ունենալ չօգտագործվող հողատարածքների վարձակալների հետ դրանք նոր պայմաններով վարձակալության հանձնելու և ներդրումներ ներգրավելու նպատակով:
Շրջայց կատարեցի ջերմոցային տնկարանի տարածքում:
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը ունի 17 հա տնկարանի տարածք (այս պահին օգտագործվում է 3,3 հա տարածք): Այստեղ ժամանակակից մեթոդներով աճեցվում է փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ՝ սոճի, կեչի, խնձորենի, հացենի, որոնք հետագայում տեղափոխվում են անտառային տարածքներ անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Այս տարի բաց է թողնվել շուրջ 219. 000 հատ տնկի, որի հիմնական մասը փակ արմատային համակարգով է: Փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցումը ամենաարդյունավետ եղանակն է. ապահովում է 99% կպչողականություն:
Այցը եզրափակեցի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Մեղրաձորի տեղամասի հատատեղերից մեկի դիտարկմամբ: Այստեղից «Հայանտառը» օրինական կարգով վառելափայտ է տրամադրում տարածաշրջանի բնակչությանը»,- գրել է նախարարը: