Արդյոք կարիք կա՞, որ Հայաստանում այսօր անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հարցը «Գելլափ ինտերնեյշնլը» տվել է 1000 քաղաքացու, 1000-ի ձայները գրեթե հավասար են բաժանվել. «միանշանակ՝ այո» է ասել հարցվածների 28,8 տոկոսը, «միանշանակ՝ ոչ»՝ 27,2 տոկոսը։
Հարցումն անցկացվել է պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը: Հաշվի առնելով երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները՝ «Գելլափի» մասնագետները ցանկում ընդգրկել են նաև Փաշինյանի հրաժարականի մասին հարցը՝ հետաքրքրվելով՝ ընդդիմությունը պահանջում է վարչապետի հեռացումը, ի՞նչ կարծիք ունեք դուք։ Ու որպեսզի պատկերը պարզ լինի, արդյունքները համեմատել են ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին ու 18-ին արված ևս երկու հարցման տվյալների հետ։
Հարցումն անցկացրած ընկերությունը հետաքրքրվել է նաեւ՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են Փաշինյանի՝ ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզին։ Պարզվել է՝ 41,5 տոկոսը ծանոթ է ծրագրին, իսկ 56,3-ը՝ ոչ։ Հեռախոսային հարցմանը մասնակցած քաղաքացիների մոտ 39-ը տոկոսն էլ կարծում է, որ հիմա Հայաստանն ընդհանրապես ապահով չէ արտաքին հարձակումներից, քան մինչև պատերազմն էր, 15,4 տոկոսը երկիրը համարում է ապահով։ Այս հարցից որպես շարունակություն «Գելլափը» հետաքրքրվել է՝ իսկ ո՞ր երկիրն են համարում սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։
Վերջին 6-րդ հարցն էլ վերաբերել է երկրի կառավարման մոդելին։ Քաղաքացիների գրեթե 37 տոկոսը կողմ է խորհրդարանական կառավարմանը, իսկ 33 տոկոսը կարծում է, որ պետք է Հայաստանը նորից դառնա կիսանախագահական երկիր։
Այս հարցին դժվարացել է պատասխանել 30,5 տոկոսը: «Գելլափի» մասնագետը սա բավականին բարձր ցուցանիշ է համարում, ասում է՝ թվերը ցույց են տալիս, որ հասարակության մի մասը մինչև այժմ լավ տեղեկացված չէ երկրի կառավարման մոդելների տարբերության մասին։