Հայաստանի մշտական բնակչության թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եղել է 2 959.7 հազար մարդ՝ տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Այս ցուցանիշը 2019 թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով. 2019 թ. հունվարի 1-ին երկրի բնակչության ցուցանիշը եղել է 2 965.3 մարդ, 2018 թ. հունվարի 1-ին՝ 2 972.7 հազար մարդ:
ՀՀ մշտական բնակչության կազմում 2020 թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% և 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020 թ. տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց և կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 և 38.8 տարի:
2020 թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: