Հակամարտության գոտի ռուս խաղաղապահների ներգրավումը նպաստել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ խաղաղապահ ուժերի օգնությամբ ավելի քան 30 հազար բնակիչ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, խաղաղապահ ուժերի օգնությամբ շարունակում են զոհվածների դիերի փոխանակման գործընթացը: Ռուսական կողմը շարունակում է նաև ականազերծման աշխատանքները:
«Մաքրվել է 50 հա տարածք և ավելի քան 17 կիլոմետր ճանապարհահատված: Վնասազերծվել է ավելի քան հազար պայթյունավտանգ առարկա: Մաքրվել են Լաչինի միջանցքը և Ստեփանակերտ տանող ճանապարհի 28 կմ հատվածը: Դրա երկայնքով վերականգնվել է քաղաքացիական մեքենաների տեղաշարժը:
Միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահները 3500 մեքենա են ուղեկցել: Բացի այդ, ավարտվել է Արևելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի՝ ժամանակակից սարքավորումներով և գործող ստորաբաժանումներով հագեցվածությունը. մասնագետները սկսել են բժշկական օգնություն տրամադրել անձնակազմին, բնակչությանը:
Սերտ գործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ»,- ասել է Սերգեյ Շոյգուն: