Մամուլում տարածված տեղեկությունը, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգերի լիգայի C լիգայում առաջին տեղը գրավելու համար ստացել է 2.25 միլիոն եվրո պարգևավճար, չի համապատասխանում իրականությանը՝ այսօր հեռավար ասուլիսի ժամանակ նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Իրականում մենք չենք ստացել նման գումար: Դա սխալ թարգմանության արդյունքն է: Անգլիական մամուլում կար բաշխման մեխանիզմ, որը վերաբերում էր ոչ թե այս, այլ նախորդ Ազգերի լիգային, և այդ պարգևավճարի կրկնապատկումը ստանում էին ոչ թե ենթախմբերի, այլ դիվիզիոնների հաղթողները:
Օրինակ՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որն իր դիվիզիոնում հաղթեց, այդ պարգևավճարը ստացավ: Մեր դեպքում, որտեղ չկային դիվիզիոնների հաղթողներ, մենք շարժվում էինք վճարումների ստանդարտ մեխանիզմով, որը ամրագրվում է քառամյա փուլով: Մենք ստանում ենք մեր հեռուստաիրավունքների վաճառքից և այլ հատկացումներից»,- նշեց Մելիքբեկյանը: