Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի հետևողական ջանքերի մասին։
Խմբի անդամների ընտրություններին ներկայացված էին 18 երկրի 27 թեկնածու և Հայաստանի թեկնածուի հետ մեկտեղ ընտրվեցին նաև Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բելգիայի և Լիտվայի ներկայացուցիչները։
Տեղեկանք․ Եվրոպայի Խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը բաղկացած է 15 անդամից և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի վերահսկման պատասխանատու մարմին է և հրապարակում է զեկույցներ՝ գնահատելով անդամ պետությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները։