Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղային գծերի վրա հայտնաբերել են ավտոճանապարհից ընկած մեքենա: «Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղևորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և հայտնվել երկաթուղային գծերի վրա: Բարեբախտաբար, վթարի պահին այս հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից:
2020 թվականին սա արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում:
ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար և տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության կանոնները»: