Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին նախ խոսել է նոր կորոնավիրուսի համավարակի մարտահրավերների մասին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսօր մենք կարող ենք վստահորեն պնդել, որ այն չի ազդել մեր Միության աշխատանքի արդյունավետության վրա: Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները մոտ ապագայում կհանգեցնեն դրական արդյունքների: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր միավորման շրջանակում ինտեգրման գործընթացները խորացնելու համար:
Հայաստանի վարչապետն անդրադարձել է փակ սահմանների խնդրին՝ կարևոր համարելով ԵԱՏՄ անդամ երկրներ մուտքի արգելքի չեղարկումը, նշել, որ այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումը:
Նիկոլ Փաշինյան - Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը: Հայաստանի համար այս տարին, բոլորիդ հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: Բայց մենք չենք դանդաղեցրել գործակցության մասնակցության տեմպերը և ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում: Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք այն անգնահատելի օգնության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը մեզ ցուցաբերեց համավարակի դեմ պայքարում և այս տարի մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում:
Միության ներսում մրցակցային հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման մասին խոսելով՝ վարչապետն ասել է, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, գազի ընդհանուր շուկաների, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան - Այս առումով մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին քննարկվել են ինտեգրման հարցեր՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաների վերաբերյալ: