Որպեսզի ձմեռն ավելի ամուր իմունիտետով ու առողջ անցկացնեն, տիկին Լիանան արդեն երկրորդ տարին է՝ թոռնիկներին բերում է սեզոնային գրիպի դեմ պատվաստման: Նախ՝ երեխաների առողջական վիճակն են ստուգում: Եթե տվյալ պահին լիարժեք առողջ են, ուրեմն կարելի է պատվաստել:
Լիանա Հարությունյան (Երևանի 17-րդ պոլիկլինիկայի բուժքույր) - Էս էլ երկրորդ տարին ա, որ բերում եմ և շատ գոհ եմ, որովհետև ամբողջ սեզոնին մի անգամ հազիվ հիվանդացել են, և ես համոզված եմ, որ էս գրիպի վակցինան շատ օգտակար է:
Այն, որ գրիպի դեմ պատվաստումը կողմնակի ազդեցություններ չի առաջացնում, տատիկն իր փորձով է համոզվել: Տիկին Լիանան բուժքույր է, և արդեն քանի տարի է՝ որպես ռիսկային խումբ, այսինքն՝ բուժաշխատող, պատվաստվում է: Ինչի՞ց է պաշտպանում գրիպի դեմ պատվաստանյութը, և արդյոք պատվաստվելուց հետո ամբողջ սեզոնն ապահովագրո՞ւմ է հիվանդանալուց:
Արևիկ Մոսինյան (Երևանի 17-րդ պոլիկլինիկայի բժիշկ) - Գրիպի պատվաստանյութը, որը կոնկրետ նոր պատվաստվեցին, եռավալենտն է՝ վաքսիգրիպը, որը պարունակում է երեք շրջատիպ՝ H1N1, H3N1 և B տիպի: Պետք է ուղղակի հասկանալ, որ այս պատվաստումը ոչ թե պաշտպանում է բոլոր տիպի շնչական վիրուսներից, այլ կոնկրետ գրիպի այս հարուցիչների կանխարգելման նպատակով է կատարվում:
Գրիպից բացի, տարածված են սեզոնային այլ վիրուսներ, որոնք, մասնագետների խոսքով, ավելի թեթև են ընթանում: Ծանր ընթացք հենց գրիպն է ունենում: Առողջապահության նախարարությունը հատկապես ռիսկի խմբերին է խորհուրդ տալիս պատվաստվել: Դրանք են՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, տվյալ տարի բանակ զորակոչվողները, 65-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիները, հղիներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Այս տարի՝ համավարակի պայմաններում, հատկապես է խորհուրդ տրվում օրգանիզմի դիմադրողականությունը բարձր պահել: Պոլիկլինիկաներն ապահովվել են պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժնով, որպեսզի ցանկության դեպքում պատվաստվեն նաև ռիսկի խմբեր չներկայացնող քաղաքացիները: Կորոնավիրուսով արդեն հիվանդացած մարդիկ չպիտի խուսափեն պատվաստումից, ճիշտ հակառակը՝ ասում է բժշկուհին:
Անահիտ Պիվազյան (Երևանի 17-րդ պոլիկլինիկայի մանկության գծով փոխտնօրեն) - Իհարկե, խորհուրդ կտանք պատվաստվել, որովհետև նրանք արդեն ունեն, ինչպես դուք եք ասում, թուլացած իմունիտետ, ավելի ընկալ կլինեն մյուս վիրուսների, կոնկրետ՝ գրիպի հանդեպ:
Կորոնավիրուսը հաղթահարած անձանց խորհուրդ է տրվում պատվաստվել հիվանդությունը հաղթահարելուց 14 օր անց: Ի դեպ, թյուր կարծիք է, թե պատվաստման հենց հաջորդ օրն արդեն իմունիտետ է ձևավորվում: Մարդը դիմադրողականություն է ձեռք բերում պատվաստվելուց 3-4 շաբաթ անց: «Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայում այսօր մեր նկարահանման պահին՝ կեսօրին, 23-րդ քաղաքացին էր պատվաստվում:
Լիանա Դարաբյան (Սբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ) - Ես կարծում եմ, որ ոչ բավարար ինֆորմացիան կարող է պատճառը լինել: Ես իմ հիվանդներին բացատրում եմ, որ եթե պատվաստումը արվում է 6 ամսականից սկսած երեխաներին և հղիին, դա արդեն բավարար է, որպեսզի հիվանդը համոզվի, որ պետք է արվի դա:
Քիչ չեն քաղաքացիները, որ արդեն երկրորդ, երրորդ տարին են պատվաստվում, ընդ որում՝ ամբողջ ընտանիքով: