Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ գործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի արձագանքմանը վերաբերող հարցեր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ:
Թուրքիայի և Իրանի նախագահները զրուցել են հեռախոսով: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային: Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է նոր փուլ, նաև հավելել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր:
ԱՄՆ 2021 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների պարտադիր սահմանում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով։ Նախագիծը համաձայնեցվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից: Նախագծում նշվում է, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց 30 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավելի սահմանափակում կիրառի ցանկացածի դեմ, ով ներգրավված է եղել С-400 համակարգերի ձեռքբերման գործընթացներում: Թրամփը հայտարարել է, որ կարգելափակի փաստաթուղթը:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են։ ԿԸՀ-ն ամփոփել է տվյալները, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից ստացել է 90-ը: Մնացած 60 ձայները բաշխվել են ընդդիմադիր 8 կուսակցության միջև: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին: Նոյեմբերի 22-ին անցկացվել է երկրորդ փուլ. 17 մեծամասնական շրջանում տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլին ընդդիմությունը չմասնակցեց՝ դրանք կեղծված որակելով: Խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են բոյկոտել նստաշրջանը:
Բանակցությունների արդյունքում ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են ուժի մեջ թողնել նավթի արդյունահանման սահմանափակումները, որ գործում էին այս տարվա մայիսից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020 թ. ապրիլին արտադրության կրճատման պայմանագրի մակարդակը 2021 թվականի սկզբին պետք է կազմեր օրական 5,7 միլիոն բարել, սակայն շուկաների խոցելիության պատճառով անդամները որոշել են նվազեցնել մատակարարման ներկա մակարդակը և մինչև 2021 թ․ պահպանել օրական 500,000 բարել չափը: Իսկ հունվարից հետո՝ ամեն ամիս կորոշվի հաջորդ ամիս շուկա մուտք գործող նավթի չափը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 65 միլիոնը: Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է ավելի քան 590 հազար, մահացել է 11.741 մարդ՝ հայտարարել է Առողջապահության համաշխահային կազմակերպությունը։ Վարակման ամենից շատ դեպքեր են մեկ օրում արձանագրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Քովիդ 19-ի պատվաստանյութի լայնամասշտաբ կիրառման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում մի շարք երկրներում: Ավելի քան 100,000 մարդ Ռուսաստանում արդեն պատվաստվել է COVID-19-ի դեմ՝ ստանալով ռուսական Sputnik V պատվաստանյութը՝ հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարը: