Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի նախավերջին տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ մրցել է շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ և հաղթել 3։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվել է 34-րդ րոպեին։ Հյուրերին առաջ է մղել Ջան Պիեր Նսամեն։ 10 րոպե անց Բորխա Մայորալը հավասարեցրել է հաշիվը։
Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը մտել է խաղադաշտ՝ փոխարինելով Պեդրոյին։ 59-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորին հաշվի մեջ առաջ է մղել հռոմեացիներին։ 81-րդ րոպեին Էդին Ջեկոն ձևակերպել է վերջնական հաշիվը՝ 3։1։
Հավելենք, որ 82-րդ րոպեին Մոհամեդ Կամարան Հենրիխ Մխիթարյանին հարվածելու համար կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դաշտից։
A խմբում «Ռոման» 13 միավորով առաջին տեղում է։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը դեռ անցած տուրում էր ապահովել փլեյ-օֆի ուղեգիրը։