Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների փաթեթին՝ համարելով այն անհետաձգելի։ Ըստ այդմ՝ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից:
Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ)- Ռեկտորը, համալսարանի կառավարիչը, գործադիր մարմինը հաշվետու է կառավարման խորհրդին, բայց, եթե նշանակվում է նախարարի կողմից, հիմա ո՞ւմ է հաշվետու լինելու:
Այս հարցը ԵՊՀ դասախոսներ Վահե Հովհաննիսյանին ու Մենուա Սողոմոնյանին բերել է Մայր բուհ: Նրանք նախագիծը խնդրահարույց են որակում։ Ասում են՝ մասնագիտական հանրությունը դրան բացասական եզրակացություն է տվել մի քանի պատճառով։ Հոգաբարձուների խորհրդի անդամ Սողոմոնյանի խոսքով՝ այս նախագծով շեշտակի նվազել են բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության հնարավորությունները։
Մենուա Սողոմոնյան - Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում: Այսպիսով՝ այս նախագծով և ներդրված վերջին փոփոխությամբ բուհի կառավարման և կոլեգիալ մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը և միանձնյա կառավարման մարմինը, գործադիրը, ռեկտորը նշանակվում են մեկ մարդու կողմից: Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում է:
Բանախոսների դիտարկմամբ, եթե բուհերն անմիջական կախման մեջ լինեն քաղաքական իշխանությունից, ստիպված անընդհատ փոփոխությունների մեջ կլինեն, ինչից կտուժի կրթական ամբողջ գործընթացը: Վահե Հովհաննիսյանը համոզված է՝ օրենքի փոփոխության մեջ քաղաքական բաղադրիչ կա։
Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտորի թեկնածու)- Եթե քաղաքական իշխանությունը բուհը վերցնում է վերահսկողության տակ, ստացվում է, որ այն բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնի բուհը, ինքնին ընկնում են քաղաքական ազդեցության ոլորտ:
ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանը նաև նկատում է՝ կառավարչի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար սահմանված օրենսդրական պահանջները: Ընդ որում՝ հանվել է նաև այն դրույթը, որ, եթե բուհի տարեկան հաշվետվությունը չհաստատի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդը, ապա տվյալ անձն այլևս հետագայում չի կարողանա պաշտոնավարել։
Վահե Հովհաննիսյան - Ոչ միայն հակասում է ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածին, այլև օրենքի նախագծում առաջարկվող տարբերակը հակասության մեջ է մտնում և՛ քաղաքացիական օրենսգրքի հետ, և՛ հիմնադրամների մասին օրենքի հետ, որոնք հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի կառավարությունը՝ տվյալ պարագայում՝ հիմնադիրը, անմիջականորեն նշանակի բուհի ռեկտոր-կառավարիչ:
Հովհաննիսյանն ու Սողոմոնյանը ցավով, բայց արձանագրում են՝ Մայր բուհը 2021 թվական է մտնում առանց զարգացման ռազմավարական պլանի ու կոնկրետ նպատակների, ինչը մտածելու լուրջ տեղիք է տալիս: Եթե օրենքն ընդունվի, իրենք մտադիր են գործադուլ և դասադուլ իրականացնել: