Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:
«Անկասկած, թեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջ, որը վերաբերում է պարենային ապրանքների որակին: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Այժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանում, որը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի մեջ, որը մատակարարվում է խանութներին: Այդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահն ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը:
«Անկասկած, սա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ է, քանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքները, որովհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում են: Բայց կարծում եմ, որ մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակը, թե ինչպես կարգավորել այդ հարցերը»,- հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը: