«Կուսակցությունների մասին» օրենքը և կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումներն առանցքային կարևորություն ունեն ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալու տեսակետից՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակագը» թեմայով առցանց քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ դեպքում քաղաքական ուժերը կլինեն բիզնեսից ավելի անկախ, գաղափարապես ամուր, ներքին ժողովրդավարության հատկանիշներով օժտված ներկայացուցչական ու հաշվետու մարմիններ: Պատգամավորն ընդգծել է, որ օրինագծի նպատակը եղել է ունենալ գործընթաց, որը հնարավորինս կլինի ներառական ու թափանցիկ:
Ըստ Դանիելյանի՝ օրենքի նախագծում նախատեսվում է իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների արգելք, ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների առավելագույն շեմի սահմանափակում, այդ նվիրատվությունների հաշվետվողականություն, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների եկամուտների հայտարարագրում:
Ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն կուսակցությունների որոշումների կայացմանը, անդամների դերի ազդեցության ավելացմանը: Կարևորել է նաև կուսակցություններն ավելի ներկայացուցչական դարձնելուն միտված որոշակի կարգավորումները, որոնք կխրախուսեն, որ կուսակցություններում ավելի ներգրավված լինեն կանայք, երիտասարդությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի խոսքով էլ՝ իրենք առավելագույնս փորձել են ներգրավված լինել աշխատանքներում, քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքի մշակումը պետք է ազդի հասարակական կյանքի ոլորտների վրա: Սիմոնյանը կարևորել է առողջ աշխատող կուսակցական համակարգի ձևավորումը: Պատգամավորը նշել է, որ օրենսդրական նախագիծը պատրաստ էր դեռ ամռանը, սակայն պատերազմի պատճառով աշնանը որևէ աշխատանք չի կատարվել:
«Հրատապության հետ կապված չէի կարող ասել, թե հրատապ է օրենքը ու կենսական կարևորություն ունի, սակայն աշխատանքը կատարվել է, օրենքի նախագիծը մշակվել է և պետք է դրվի շրջանառության մեջ: Խնդրահարույց կետեր մեզ համար այդպիսիք չկան, կան տեխնիկական հարցեր և կազմակերպչական: Հետագայում համոզված եմ, որ օրենքը պետք է նաև որոշակի փոփոխություն կրի, երբ հետագայում Ընտրական օրենսգրքի հետ աշխատանքները սկսեն կատարվել»,- ասել է պատգամավորը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն էլ քննարկմանն ասել է, որ նախագիծը զարգացում է ապրել:
«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այդ առումով այս պահին գոյություն ունեցող նախագիծն ունի պրոգրես: Այսինքն՝ ղեկավար մարմին անպայման պետք է լինի, որը առնվազն 7 անդամից պետք է բաղկացած լինի: Ներկուսակցական ընտրությունները համագումարում փակ գաղտնի քվեարկություններով պետք է կատարվեն: Այսինքն՝ այդ մարմինների կազմը փակ գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրվի: Կարևոր ատրիբուտներ են, որոնք նաև մեր օրակարգի մաս են եղել»,- ասել է Նահապետյանը: