Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Միջազգային առևտրի կենտրոնի հարթակում մեկնարկել է Առաջին Եվրասիական համաժողովը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրների խոշոր ընկերություններն ու առաջատար կազմակերպությունները: Համաժողովում Հայաստանը ներկայացրել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Համաժողովի նպատակն է քննարկել և օրակարգ բերել այնպիսի միջպետական ծրագրեր և բիզնես-միջանցքներ, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տիրույթում գտնվող երկրների տնտեսական ինտեգրմանն ու միջպետական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Նա ներկայացրել է վերջին կես տարում «Հայփոստ» ընկերությունում իրականացված բարեփոխումների արդյունքում միջազգային տնտեսական պլատֆորմներում հանդես գալու և տնտեսական ինտեգրման ծրագրերում ընկերության մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները: Որպես տարբեր երկրների փոստերի ինտեգրման հաջողված մոդել՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնավորապես խոսել է «Հայփոստ»-ի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրված համաձայնագրի մասին, որի արդյունքում երկու երկրի միջև փոստային առաքանիների փոխադրման սակագները նվազել են երեք անգամ՝ հանգեցնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոստային առևտրաշրջանառության քառակի աճին:
«Ես հավատացած եմ, որ տնտեսական գործակցության համատեքստում մեծ դեր ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոստային պլատֆորմների ինտեգրումը: Ժամանակակից աշխարհում փոստային ծառայությունները վերածվել են պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ ենթակառուցվածքների, որոնք ոչ միայն ապահովում են երկրների միջև անխափան շրջանառություն, այլև կարող են նպաստել դրա ծավալների կտրուկ աճին»,- շեշտել է Հայկ Կարապետյանը:
Համաժողովի ընթացքում «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը ստորագրել են երկու երկրի միջև փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի լրացում:
Առաջին Եվրասիական համաժողովի շրջանակում ստորագրվել է նաև Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղըրղզստանի Հանրապետությունների փոստային օպերատորների կոմպետենցիաների հիմքի վրա փոստային և լոգիստիկ ծառայությունների զարգացման ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատման և երկարաժամկետ, արդյունավետ և փոխշահավետ գործակցության մասին Համաձայնագիր: